38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հողածին ու հողաբույր․․․ երկինքոտ» (հուշեր բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի հետ հանդիպումներից )

«Հողածին ու հողաբույր․․․ երկինքոտ» (հուշեր բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի հետ հանդիպումներից )
24.07.2023 | 22:16

«Արևշատ Ավագյանը բացառիկ տաղանդով օժտված գեղանկարիչ է բանաստեղծության մեջ: Հողածին ու հողաբույր նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են: Հողն ու երկինքը արտացոլված են իրար մեջ, և այդ արտացոլանքն այնպիսի գույներ է տալիս, որ նկատված են թերևս միայն հեղինակի կողմից․․․»։

Համո ՍԱՀՅԱՆ


Իմ ծանոթությունը ճանաչված բանաստեղծ-նկարիչ Արևշատ Ավագյանի հետ սկսվել է գրող-ընթերցող կապով, երբ 1967 թ․ անվանի գրող Վարդգես Պետրոսյանի նախաձեռնությամբ, հիմնադրվեց «Գարուն» ամսագիրը, որի էջերում տպագրված նշանավոր հայ բանաստեղծների, արձակագիրների ստեղծագործությունների շարքում հանդիպեցի նաև Արևշատ Ավագյան անվանը՝ ընթերցելով նրա «Հողածին ու հողաբույր․․․երկինքոտ» բանաստեղծությունները։ Տարիներ շարունակ «Գարուն» ամսագրի և «Ավանգարդ» թերթի էջերից չիջավ նրա անունը, բանաստեղծը նաև ամսագրի պոեզիայի և արձակի բաժնի վարիչն էր, խմբագրի տեղակալը։

Ե՛վ «Գարուն»-ը, և՛ «Ավանգարդ» թերթը մեր ընտանիքի սիրված, սպասված հյուրերն էին, երբ հասնում էին մեզ, տունը դառնում էր ընթերցասրահ։ Այդ տարիներին նաև Արևշատ Ավագյանի՝ հայրենասիրական պաթոսով, սիրային, խոհա-փիլիսոփայական՝ «Նավը ուռկանի մեջ», «Երկնային պատուհաններ», «Լույսի արմատներ» բանաստեղծությունների ժողովածուներով հարստացան նաև մեր անձնական գրադարանները:
Արագածում աշխատած տարիներին հաճախ էի կազմակերպում գրողների, արվեստագետների (նկարիչ, դերասան) հանդիպումներ շրջանի մարդկանց հետ, ես էլ՝ «ելումուտ» անում գրականության, արվեստի տաճար։ Այդ հանդիպումները հաճախ շարունակվում էին մեր հյուրամեծար, գրասեր, արվեստասեր հայրական տանը, որտեղ հյուրընկալել ենք հայ նշանավոր գրողների, որոնց թվում՝ Սիլվա Կապուտիկյանին, Գևորգ Էմինին, Մետաքսեին, Արամայիս Սահակյանին, Ռաֆայել և Վալտեր Արամյաններին, Մուշեղ Գալշոյանին, Անահիտ Սեկոյանին, Հրաչյա Մաթևոսյանին, Երվանդ Պետրոսյանին, Վառլեն Ալեքսանյանին, Ղուկաս Սիրունյանին, Ռոլանդ Շառոյանին, ճանաչված նկարիչներ Մարիամ Ասլամազյանին, Ռաֆայել Աթոյանին, Էդվարդ Իսաբեկյանին, դերասան Սոս Սարգսյանին և շատ ու շատերի, ցավոք, նրանց թվում չէ Արևշատ Ավագյանը։
Քսան տարի առաջ, գեղեցիկ առիթներով, անձամբ ծանոթացա սիրելի բանաստեղծի, արվեստագետի հետ:
2003 թվականի օգոստոսյան մի պայծառ արևոտ օր, գեղագետ ու բնապաշտ ուսուցչիս՝ ԵՊՀ նախկին դասախոս, դոցենտ Խաչատուր Վարդանյանի, նրա դստեր՝ Նվարդի (այժմ՝ ԵՊՀ դասախոս), գրող, բարեհոգի, անմոռանալի Հրաչյա Մաթևոսյանի, նրա թոռնուհու՝ Մանեի հետ՝ ընկեր Վարդանյանի անձնական մեքենայով, ուխտավորի սրբազան դողով (չգիտեմ, թե որերորդ անգամ) այցելեցինք Աշտարակի, Օշականի եկեղեցիներ, Օշականում հարգանքի տուրք մատուցեցինք մեր Ամենամեծ հային՝ Ս․ Մաշտոցին, եղանք թանգարանում։ Հիացանք մեր ժողովրդի ճարտարապետների, քարագործ վարպետների, շինարարների ստեղծարար ձեռքերի հրաշագործություններով, լցվեցինք, շենացանք, իսկ Երևան վերադառնալիս՝ Հրաչյա Մաթևոսյանի առաջարկով, ընտրեցինք այն ճանապարհը, որը տարավ բանաստեղծ-նկարիչ Արևշատ Ավագյանի՝ Օշականից ոչ հեռու գտնվող, ամառանոց-այգի։ Վերջապես գեղեցիկ առիթ էր անձամբ ճանաչելու սիրելի բանաստեղծին, ում պոեզիան ինձ հայտնի էր վաղուց։
Բանաստեղծի սրտի, հոգու, այգու դռները բաց են մարդկանց առաջ։ Տիկնոջ՝ Լյուդմիլայի հետ, ժպիտով դիմավորեցին մեզ։ Ընկեր Վարդանյանին գիտեր համալսարանից, իսկ Հրաչյայի հետ թե՛ գրչընկեր, թե՛ համակուրսեցիներ էին։ Հրաչօն ներկայացրեց ինձ։ Այգուց սքանչելի տեսարան էր բացվում՝ ստեղծելով եռագմբեթ տաճար՝ Արարատն՝ իր վեհությամբ, քառագագաթ Արագածը, որի հայացքի առաջ է ծննդավայրս և հայոց առասպելական հերոս Արայի Լեռը:
Կինը սուրճ ու միրգ հյուրասիրեց, որի շուրջ սրտաբաց զրույց սկսվեց սիրելի մարդկանց հետ։
Բանաստեղծի հետ շրջեցինք իր երազանքի նորատունկ այգում։ Պատմեց, որ անցած տարի նոյեմբերի 15-ին գրողներ Անահիտ Սահինյանի, Բաղիշ Հովսեփյանի, նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի, մատենադարանի տնօրեն, պատմաբան Սեն Արևշատյանի, կոմպոզիտոր Արամ Սաթյանի, նկարիչ Կարեն Սմբատյանի և այլոց հետ այդ վայրում ծառատունկ են արել։ Մեծ երազանք ուներ՝ այն դարձնել «Յոթ մուսաների այգի», որտեղ կհանդիպեն բոլոր մուսաները, բաց երկնքի տակ կանցկացվեն մշակութային, գրական-երաժշտական հանդեսներ ու հանդիպումներ։ Թեև ծառատունկից մեկ տարի չէր անցել, բայց աճել էին դեռատի շիվերը, կոկոնները ճեղքել էին սրտերը, և բանաստեղծի երազանքը հոգի ու մարմին էր առնում։
Միջանկյալ նշեմ, որ իր գաղափարով ոգեշնչված՝ անհանգիստ բնավորությամբ արվեստագետը վաղուց իրագործել է բաղձանքը՝ հաստատվել է պտղատոների մշակույթը։ Ամեն տարի Յոթ պտղատոն, ասել է՝ յոթ տոնահանդես է անցկացվում «Յոթ մուսաների այգում»․ մայիսին՝ Կեռասի օր, հունիսին՝ Թթի, հուլիսի մեկին՝ ամրագրած Ծիրանատոն, օգոստոսին՝ Դեղձի, սեպտեմբերին՝ Խաղողի, հոկտեմբերին՝ Խնձորի, իսկ ձմեռնամուտին՝ Ընկույզի օր:
Մեր այցելած օրը այդ ամենը դեռ երազանք էր։ Բանաստեղծ-նկարիչն ուրիշ բաղձանք ևս ուներ՝ «Յոթ մուսաների այգում» եղած ուրարտական ջրատար առվի, կիկլոպյան ամրոցի հետքերի հարևանությամբ, ստեղծել «Հայրենատուն»-թանգարան, որը կծառայի հայ մշակույթի զարգացմանը, որտեղ կհավաքագրվեն մշակութային արժեքներ, որոնց թվում՝ հայկական հայտնի տոհմերի մասին պատմող նյութեր՝ տոհմածառեր և այլն։
Հոգևոր-ազգայինը, հայրենատունը, ինքնությունը պահելը, արմատների կենարար ավիշից սնվելը բանաստեղծ-նկարչի պոեզիայի և գեղանկարչության թեմաներն են, ինչպես նաև՝ պատգամը սերունդներին․ Իր խոսքով․
«Հայոց հայրենատներն այն սրբազան օթևաններն են, որտեղ ապրում են հայախոս ընտանիքները, որտեղ հնչում է ոսկեղենիկ հայոց լեզուն, որտեղ թևածում է հայ մշակույթի կենարար շունչը»:
Մաղթենք, որ միս ու արյուն առնի բանաստեղծի բաղձանք-«Հայրենատուն»-ը ևս։ Հուսամ, որ մյուս տոհմերի կողքին, իր արժանի տեղը կունենա նաև մեր՝ Աբրոյենց տոհմը՝ իմ կազմած տոհմածառերով։
Արտաքուստ մեղմ, բարի էությամբ

բանաստեղծ-արվեստագետի մեջ շատ հրաբխային շերտեր կան, որոնք ժամանակ առ ժամանակ՝ գրքի, գեղանկարի տեսքով դուրս են հորդում։
Մեր հաջորդ հպանցիկ հանդիպումը տեղի ունեցավ 2009 թ․ հունիսի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում, որտեղ տեղի ունեցավ ամուսնուս՝ գերմանահայ նշանավոր գործիչ Արա Բերքյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում։ Երջանիկ զուգադիպությամբ Արևշատ Ավագյանին հանդիպեցի Ազգային գրադարանի տնօրեն, գրող Դավիթ Սարգսյանի առանձնասենյակում։ Ինձ հրավիրեց Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան՝ նույն օրն իր հետ անցկացվող հանդիպմանը։ Ափսո՜ս որ երկու միջոցառումները համընկան։
2012 թվականի ձմռանը վերստին Հայաստանում էի, դեկտեմբերի 27-ին Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում մասնակցեցի նրա՝ «Հոգեգույներ ծածկագրերով» գիրք-ալբոմի շնորհանդեսին։ Հավաքվել էին Արևշատ Ավագյանի պոեզիան և արվեստը սիրող, գնահատող անձինք։ Նրանց թվում էր մեր հայրենակից, մանուկների ու մեծերի սիրելի բանաստեղծ, ծնունդով հնաբերդցի Երվանդ Պետրոսյանը, որի հետ հաճախ էի հանդիպում Արագածում։
Շատերը ելույթներ ունեցան, դրվատեցին տաղանդավոր բանաստեղծին։ Շնորհանդեսից հետո, հանդիսությունը շարունակվեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի առանձնասենյակում։ Այնտեղ նույնպես՝ օրվան համահունչ, մեծարանքի խոսքերով ծաղկեցրին բանաստեղծ-նկարչի կենացը։
Ես էլ սրտի խոսք ասացի․ «Օրհնանք բանաստեղծի պայծառատես ծնողներին՝ որդուն անվանակոչելիս կամեցել են, որ նա կարմիր արևներով արևշատություն ունենա։ Ծնունդից ի վեր, բանաստեղծ-նկարիչն արև ու լույս է կրում իր էության խորքում, որոնք սերմանում է պոեզիայում և կտավներում։ Սրբագործված հայացքով է նայում աշխարհին, և իր մեջ եղած լույսից, բարությունից բաժին է հանում հարազատ հոգիներին։ Երանելի է իր «Սաղմոսի» խոսքով, որ մաքուր է պահել սիրտը, լեզուն, մտքերը, և բարությամբ է մտածում ուրիշների որդիների մասին․․․»։
Աշտարակի նշանավոր որդու հետ իմ հաջորդ հանդիպումը կայացավ իր ծննդավայրում։

2015 թ․ հուլիսի 18-ին, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ իմ` «Արա Յ․ Բերքյան» գրքի շնորհանդեսը։

Հրավիրել էի։ Նա ոչ միայն ներկայություն բերեց, այլև մյուս ելույթ ունեցողների նման, բանաստեղծական, սրտի ջերմ խոսքով, արժանվույնս ներկայացրեց Արա Բերքյան գործչի ու գիտնականի գործունեությունը օտար ափերում, կարևորեց «Արա Յ․ Բերքյան» ժողովածուն։
Շնորհանդեսից հետո, թանգարանի բակում, երկար վայելեցի բանաստեղծի ներկայությունը, մտերմիկ զրույց էր, որին ներկա էին «Աշտարակ» թերթի նախկին խմբագիր, գրող Արտավազդ Նազարյանը, եղբայրս՝ Դավիթը, եղբորս կինը՝ Մարիետան, սրտակից ընկերուհիս՝ Գայանե Դանիելյանը։
Հոգեկործանման ժամանակներում հայրենատունը, ազգությունը, ինքնությունը ամուր պահելը և այլ թեմաներ, մեզ առան իրենց կալի մեջ։

Ըստ բանաստեղծի.

«Հայոց գաղափարախոսության նպատակը պետք է լինի ստեղծել առողջ ու բարոյական ընտանիքներով ամրապնդված ազգային պետություն: Պետք է կրթել ու դաստիարակել հայորդիներով համախմբված այնպիսի հզոր ազգազանգված, որը կարողանա հայրենիքի սահմանները համատեղել Աստծո կողմից պարգևած Հայկական լեռնաշխարհի սահմաններին»։
Հրաժեշտի ժամանակ, Արևշատ Ավագյանն ինձ հրավիրեց Մշակույթի հայկական ֆոնդ, որի նախագահն է 1994 թվականից։
2015 թ․ օգոստոսյան արևոտ օրը եղբորս՝ Դավիթի հետ ԳԱԱ գրադարանային մասնաշենքի յոթերորդ հարկում տեղավորված Հայկական մշակույթի ֆոնդ բարձրանալիս, թվում էր բարձրանում ենք Մեծ Լոռեցու «Վերնատուն»։

Սա էլ Արևշատ Ավագյանի հյուրընկալ, տաք Վերնահարկն է՝ մեկ սենյակով, որտեղ պարբերաբար հավաքվում են գրչի ու վրձնի, երգարվեստի մշակներ, մտավորականներ, պատմում, քննարկում արածն ու անելիքը, մտահոգություններ արտահայտում երկրի առջև ծառացած խնդրիրների շուրջ։

Թեև փոքր է սենյակը, սակայն տանտիրոջ սիրտն է լայն, երբեմն էլ հանդիպումներն անցկացվում են արտագնա։ Նրա մտահղացումներով են ստեղծվել մշակութային խորհրդարանը, ինչպես նաև՝ «Ծիր կաթին» գիտամշակութային միավորումը։
Այն օրերին լրացել էր բանաստեղծի ծննդյան 75-ամյակը, ներկաներս սրտաբուխ խոսքերով շնորհավորեցինք, արևշատություն, պտղավետ միտք ու հոգի մաղթեցինք սիրելի բանաստեղծին:
Հրաժեշտից առաջ Արևշատ Ավագյանն ինձ վերստին հրավիրեց հանդիպման։

2016 թ․ սեպտեմբերի 15-ին Մշակույթի հայկական ֆոնդում ներկաներին պատմեցի լուսահոգի ամուսնուս Գերմանիայում իրականացրած հայանպաստ նախաձեռնությունների, գործերի մասին:

Ներկայացրեցի այն օրերին ամուսնուս` տպագրական ընթացքի մեջ գտնվող «Հռենոսի և Արաքսի միջև․ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» իմ թարգմանությամբ հայերեն գիրքը, որի շնորհանդեսին ներկա էր բանաստեղծը։ Վերջում, երախտագիտություն հայտնեցի Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, արվեստաբան Արևշատ Ավագյանին՝ իր բացսրտության, բարության, ջերմ խոսքերի, հանդիպման հնարավորություն ընձեռելու համար:
Մեծ խորհուրդ ունի այն, որ ծառապաշտիս անձնական ծանոթությունը բնապաշտ բանաստեղծ, գեղանկարչի հետ քսան տարի առաջ կայացավ իր «Յոթ մուսաների այգում»։

Իր խոսքով անհրաժեշտ է․ «Բնաշխարհը լավ ճանաչել, բնաշխարհի մեջ սիրով ապրել, փորձել զգալ նրա աներևույթ ոգեղենությունը, բալասանող ներկայությունը մեր կյանքում ու ներաշխարհում...»։
Հինգ տարի առաջ, 2018 թ․ հուլիսի մեկին, մեկ անգամ ևս հանդիպեցինք իր երազանքի այգում, որտեղ անցկացվում են պտղատոները, որոնց թվում՝ արդեն ավանդույթ դարձած «ծիրանատոն»-ը։
Այն օրը գրչի, վրձնի, հողի մշակը վերստին հավաքել էր հինավուրց տոհմի տունկերին՝ մարմնացած երազանքի հրճվանքը կիսելու նրանց հետ։
Եղբորս՝ Դավիթի, նրա կնոջ՝ Մարիետայի և ընկերուհուս՝ Գայանեի հետ մեկնեցինք Օշական, որտեղից սկսվում է հանդիսավոր արարողությունը։ Պայծառ արևոտ օր էր, հավաքվել էին գրողներ, նկարիչներ, երգահան ու երգիչներ, հյուրեր։ Նախ հարգանքի տուրք մատուցեցինք մեծ ուսուցչապետին՝ Ս․ Մեսրոպ Մաշտոցին, որը ծնվեց և իրենով լուսավորեց մեր ժողովրդին, որը «Թրի դեմ՝ գրիչ» բերեց, փրկեց մեր ինքնության, մեր հայության բերդ-ամրոցը։
Ծիրանատոնը շարունակվեց Արևշատ Ավագյանի «Յոթ մուսաների այգում», որտեղ հարսնացած ու ծոցվոր ծառերի բույրին ու փսփսոցին, թռչունների դայլալին խառնվեց հանդեսի մասնակիցների երգն ու ասմունքը, խոսքն ու զրույցը, խինդն ու բերկրանքը։ Ծառերի հովանու ներքո, սուփրայի շուրջ բոլորվել էին մուսաները, հորդեց գինի-օղին, բանաստեղծի և հյուրերի շուրթերին ծաղկեցին ծիրանահամ կենացները:
Վայելեցինք հուլիսյան օրը, ջերմացանք Արևշատ Ավագյան բանաստեղծի, նկարչի, մարդու հոգու կրակով, ոգեշունչ էությամբ, որն իր մեջ եղած արևի շողերով սիրո, բարության հունդեր է սերմանում մարդկանց սրտերում, որն հույսի ծաղիկ է աճեցնում, հավատի շիվեր է տնկում հուսակարոտ հոգիներում։
Եվ հաջորդ (իր խոսքով)․
․․․ Հուլիսը կգա,
ու իր շնչի մեջ
նոր հղացումներ կբերի երգի,
և մեր հույսերի թևերի վրա
զգացմունքները կծաղկեն մեկ-մեկ․․․

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գերմանիա, Վիսբադեն


Դիտվել է՝ 4304

Մեկնաբանություններ